«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Բա մենք էլ է~դ ենք ասում...

Բա մենք էլ է~դ ենք ասում...
27.06.2008 | 00:00

Երեկ կառավարության նիստից առաջ հիշատակելով կառավարության գործունեության ծրագրի դրույթներից մեկը` վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձել է կառավարության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններին և մի շարք ուշագրավ մտքեր արտահայտել հատկապես հարկային և մաքսային ոլորտներում տիրող իրավիճակի մասին:
Առաջինը, որ նա շեշտել է, այն է, որ այս մարմիններն ընդամենը ծառայություն են մատուցում մեր հանրությանը, և այն պիտի լինի խիստ որակյալ: Համաձայն ենք, բայց, ինչպես ասում են, պատկերը փոքր-ինչ այլ էր: Ընդամենը օրեր առաջ հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն առանց աչք թարթելու հայտարարեց, թե գործարարն, այո, պիտի հարկայինից վախենա…Երկրորդ կարևոր հանգամանքը, որ առանձնացրել ենք, եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդն է, որ վարչապետն անձամբ է ղեկավարում և որի նիստերի ընթացքում, ի դեպ, արդեն իսկ պարզ է դառնում, որ կան պաշտոնյաներ, ովքեր «փորձում են ճնշումներ գործադրել հարկային և մաքսային ծառայությունների վրա»: Վարչապետը լավ չի անում, իհարկե, որ հենց հիմա չի հրապարակում նրանց անուն-ազգանունները` «գործում է անմեղության կանխավարկածը» սկզբունքով, որովհետև հանրությունն իրավունք ունի էս գլխից ճանաչելու իր հերոսներին, բայց որ ասում է` օրենսդրական փոփոխություններից հետո «և´ պատժամիջոցների մասին ենք հրապարակավ տեղեկություն տալու հանրությանը, և´ կոնկրետ խախտումներ թույլ տվողների անուն- ազգանունները», կսպասենք, ոչինչ: Միայն թե դա էլ Գորիսի հայտնի Լիսկայի «հետաքննության պես» չջրվի…Եվ վերջապես, ամենակարևոր հանգամանքը. մեր վարչապետը, փաստորեն, երեկ հրապարակավ, ի լուր աշխարհի խոստովանել է, որ կառավարության անդամների զգալի մասը սեփական բիզնես ունի: «Դուք բոլորդ էլ տեղյակ եք, թե ովքեր են ձեր ոլորտում զբաղվում բիզնեսով, և այդ մարդկանց ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, որ իրավունք չունեն միջամտելու հարկային և մաքսային ծառայությունների աշխատանքներին: Ձեզնից` բոլոր նախարարներից, շատ բան է կախված, որ մենք այս ոլորտում ունենանք հաջողություն: Ցավոք, պետք է արձանագրենք, որ մենք այսօր չենք վայելում բիզնես միջավայրի վստահությունը: Բիզնեսի ներկայացուցիչների հետ մեր հանդիպման ժամանակ նրանք հրապարակավ, հեռուստատեսությամբ հայտարարեցին դրա մասին»,- ասել է վարչապետը` «մոռանալով», որ ամենամեծ բիզնեսմեններից մի քանիսը հենց իր դիմաց նստած են, էլ ո՞ւր է դես-դեն գնում… Մյուս կողմից էլ` որ կողմ նայես, նույն վիճակն է, որովհետև` «Մենք ունենք հազարավոր կաշառակերներ, ընդ որում, պրոբլեմը կայանում է նրանում, որ այս հազարավոր կաշառակերներին երբ փոխում ենք, երաշխավորված չենք, որ եկողները նույն ավանդույթները չեն շարունակելու…սա նշանակում է, որ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ փոփոխություններ, որ բացառվի հնարավորությունը` չարաշահելու պաշտոնական դիրքը: Իհարկե, չափազանց կարևոր է բարոյահոգեբանական մթնոլորտը…և այդ մթնոլորտը պետք է կարողանալ ձևավորել ՀՀ-ում, որպեսզի վստահություն լինի մեր նկատմամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը, ում վստահողները, ի դեպ, նրան արդեն կնքել են Դոն Քիշոտ անունով` ակնարկելով, թե մարդը հողմաղացների դեմ է կռիվ տալիս, մանավանդ որ ձուկը գլխից է հոտած, և համակարգը` մինչև վերջ փտած…

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 9666

Մեկնաբանություններ